Վերելք Արագած

Այս շաբաթ հաղթահարեցինք Արագածի հարավային գագաթի վերելքը (3887մ)։ Առավոտյան հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, լուսանկարվեցինք և ճանապարհ ընկանք։ Վերելքը սկսեցինք Քարի լճից, որը գտնվում է 3200 մետր բարձրության վրա։ Ճանապարհը հեշտ չէր, բայց չափազանց հաճելի էր, անցանք տարվա 4 եղանակների միջով և հասանք Արագածի չքնաղ տեսարանին։ Խմբում շատերս առաջին անգամ էինք հաղթահարում Արագածի վերելքը և իհարկե, Ընկեր Ալբերտը գագաթից բացվող ֆանտաստիկ տեսարանի առաջ, գեղեցիկ ավանդույթով բոլորիս մկրտեց։ Աննկարագրելի էմոցիաներ էին, որոնք երբեք չեմ մոռանա։ Խմբում ինչպես միշտ շատ դրական, հետաքրքիր ու բարի մարդիկ էին հավաքվել։ Զրուցելով, կատակելով, իրար օգնելով հաղթահարեցինք վերելքը։ Հետաքրքիր է՝ ինչպես են առավոտյան լրիվ իրար անծանոթ մարդիկ, արշավից հետո այդքան մտերմանում։ Արշավն էլ ամփոփեցինք Քարի լճի մոտ՝ ազգագրական պարով։

Աժդահակ-Ակնալիճ

(22.07.2023)

Առաջին արշավս սեբաստացիների հետ՝ դեպի Աժդահակ էր և Ակնալիճ։ Առավոտյան հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, լուսանկարվեցինք ևբարձր տրամադրությամբ շարժվեցինք դեպի Գեղամա լեռներ։ Խմբում 13 հոգով էինք, հավաքվել էին հրաշալի մարդիկ, շփվեցինք, ծանոթացանք։ Մեզ ուղեկցում էին Տիար Գևորգն ու Ընկեր Ալբերտը։ Քայլեցինք մոտ 18կմ։ Ճանապարհը ծաղկաշատ էր ու հագեցած հիանալի տեսարաններով։ Հաղթահարեցինք բարձունքը և հասանք Աժդահակի գագաթին (3597մ)։ Ովքեր առաջին անգամ էին հաղթահարում վերելքը, խառնարանային լճի մոտ մկրտվեցին՝ սեբաստացիների ավանդույթի համաձայն, գագաթին լուսանկարվեցինք, մի փոքր ժամանակ անցկացրինք և շարժվեցինք դեպի Ակնալիճ։ Ակնալիճ հասնելու ճանապարհը բավականին երկար էր, քայլելիս զրուցում էինք, կատակում։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ արշավները հիանալի տարբերակ են նոր ու հետաքրքիր ընկերներ ձեռք բերելու։ Լճի ափին ևս հիանալի ժամանակ անցկացրինք, փոքրիկ ընթրիք կազմակերպեցինք և շարժվեցինք դեպի Երևան։ Տպավորություններս շատ ավելին են, քան կարող եմ նկարագրել։

Design a site like this with WordPress.com
Get started