Գարնանային մանկավարժական բաց ճամբար

Անհատական աշխատաժամանակ։ Մարտի 25-27

9։00-9։15՝ Ընդհանուր պարապմունք

9։15-10։30` աշխատանք փոքր խմբերով

  • Մայիսյան հավաքի նախապատրաստություն
  • Մատենավարություն
  • Բլոգների ստուգում

10։30-11։20` հավաք մանկավարժական խորհուրդով, մանկավարժական զարգացման սեմինարներ

  • Մարտ ամսվա ամփոփում, հաշվետվություններ
  • Նախագծերի ամփոփումներ
  • Մայիսյան հավաքը Միջին դպրոցում

11։20՝ ընդմիջում

12։00՝ մասնախմբով հավաք

12։50՝ մասնագիտական զարգացման սեմինարներ` Քանդակի ակումբ․ Քանդակի դպրոց

13։30-ից՝ անհատական աշխատանք

Մարտի 28
Մարտի 29
  • Մատենավարություն
  • Բլոգների ստուգում
  • Մայիսյան հավաքի նախապատրաստություն
  • Նախագծերի ամփոփումներ
  • ԱՈւՊ-ների լրացում
  • Սովորողների գրանցում moodle-ում

«Մուտք Կրթահամալիր» մանկավարժական ճամբար․ Օր 4

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգությամբ։ Հետո քայլեցիքն դեպի Մայր դպրոց և մասնախմբերում ունեցանք ժողով-քննարկումներ, Մաթեմատիկայի մասնախմբում քննարկեցինք Ավագ դպրոցում դասավանդողների կազմած ուսումնական ծրագրերը։ Ներկա եղանք նաև «Գութան 2023» ավանդական երգի-պարի փառատոնի նախապատրաստական պարապմունքին։ Հետո քայլեցինք դեպի Քոլեջ, ջերմոց-լաբորատորիայում Տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց տարատեսակ բույսերի ու ծաղիկների, դրանք խնամելու նրբությունների հետ, կատարեցինք միջավայրի խնամք, իսկ վերջում Տիկին Շողիկը բոլորիս նվիրեց փոքրիկ պղպեղների սերմեր, որոնք ինքն էր խնամքով աճեցրել դպրոցի պարտեզում։ Ընդմիջումից հետո, Վերնատանը հանդիպում ունեցանք Մարիետ Սիմոնյանի հետ, քննարկեցինք հոդվածները, որոնք հանձնարարված էր ուսումնասիրել և վերլուծել։ Օրվա, նաև ճամբարի վերջին հանդիպումը, Կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ էր, նրան ուղեցինք մեր հարցերը, սիրով պատասխանեց բոլորիս, հետաքրքիր և բովանդակային զրույց ունեցանք, շուրջ մեկ ժամ։

Շնորհակալություն Արմինե Թոփչյանին, ճամբարը համակարգելու, մեզ սիրով ուղորդելու և օժանդակելու համար։

Վերլուծություն՝ Միցիո Կակուի «Ուսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի» հոդվածի վերաբերյալ

Այս հոդվածը հատկապես օգտակար կլինի նրանց համար, ովքեր մասնագիտական կողմնորոշման ճանապարհին են։ Արտահայտած բոլոր մտքերի հետ համակարծիք եմ։ Հարցազրույցը արվել է 2013 թվականին, տասը տարի անց մենք միանշանակ տեսնում ենք, որ Կակուի խոսքերը իրականություն են դառնում, հետևաբար պետք է լրջորեն հետևել նրա խորհուրդներին և խելամիտ ընտրություններ ու որոշումներ կայացնել։ Տարածված կարծիք կա, որ կարելի է առանց լուրջ ակադեմիական գիտելիքների, սովորել որևէ ծրագրավորման լեզու և մեծ գումարներ աշխատել։ Այսօր մենք տեսնում ենք, որ նման ծրագրավորողների պահանջարկը նվազում է, պետք են արհեստական բանականություն ստեղծող մասնագետներ, իսկ դրա համար պետք են լուրջ մաթեմատիկական գիտելիքներ։

Եվ հոդվածից կառանձնացնեմ մի շատ կարևոր միտք․ «Իրական հաջողության հասնելու համար պետք է զարգացնել այն ընդունակությունները, որոնք ռոբոտների համար անմատչելի են՝ ստեղծականությունը, երևակայությունը, նախաձեռնողականությունը, առաջնորդի հատկանիշները»։

«Մուտք Կրթահամալիր» մանկավարժական ճամբար․ Օր 3

Այսօր նույնպես օրը սկսեցինք Մարմարյա սրահում մանկավարժական պարապմունքով։ Մասնախմբերում ունեցանք ժողով-քննարկում, ուսումնասիրեցինք հանրակրթության և «Մաթեմատիկա» առարկայի չափորոշիչները։ Հետո քայլեցինք դեպի Արևելայն դպրոց-պարտեզ, Նառա Նիկողոսյանի ուղղորդմամբ կատարեցինք պարտեզապուրակային աշխատանքներ։ Հանդիպում ունեցանք Լուսինե Փաշայանի հետ, քննարկեցինք դասավանդողի գործունեությանը վերաբերող կարգերը և մի շարք կարևոր հարցեր։ Հանդիպեցինք նաև կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի հետ, տվեցինք մեզ հուզող հարցերը, քննարկեցինք արշավների և ճամբարների մանրամասները։ Ընդմիջումից հետո հանդիպեցինք Մարգարիտ Սարգսյանի հետ, քննարկեցինք հեղինակային նախագծերի մանրամասները, ներկայացրեցինք մեր նախագծերը, ստացանք ուղղորդումներ, այդպիսով ամփոփեցինք օրը։

«Մուտք Կրթահամալիր» մանկավարժական ճամբար. Օր 2

Օրը կրկին սկսեցինք Մարմարյա սրահում, մանկավարժական ընդհանուր պարապմունքով: Հետո ունեցանք մեկժամյա ժողով-քննարկում մասնախմբերում, քննարկեցինք ուսումնական պլանները: Հաջորդիվ քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց- պարտեզ, Ագարակում խնամեցինք ձիերին, Արմենուհու օգնությամբ, խմբի մյուս մասն էլ կատարեց պարտիզապուրակային աշխատանքներ: Հետո հանդիպում ունեցանք Մարիետ Սիմոնյանի հետ, քննարկեցինք հոդվածները, որոնք հանձնարարված էր ընթերցել և վերլուծել, ստացանք նոր առաջադրանք: Ընդմիջումից հետո հանդիպում ունեցանք Մարգարիտ Սարգսյանի հետ, ծանոթացանք նախագծային ուսուցման կարգին և այլ կարևոր մանրամասներին կապված դրա հետ։ Օրվա վերջին հանդիպումը Լուսինե Փաշայանի հետ էր, ով ներկայացրեց ուսումնական օրացույցը, դրանից օգտվելու առավելությունները, տրվեցին բոլոր հարցերի պատասխանները, ստացանք առաջադրանք և ամփոփեցինք օրը:

Վերլուծություն՝ Միխայիլ Պոստնիկովի «Ապագայի թեքումով դպրոց» հոդվածի վերաբերյալ

Հոդվածում արծարծվում են շատ կարևոր թեմաներ, հեղինակի որոշ մտքերի հետ համաձայն եմ, որոշների հետ՝ ոչ։

Համաձայն եմ, որ դպրոցը մարդուն չի պատրաստում գործնական կյանքին և քաղաքացի չի դաստիարակում։ Անշուշտ, ուսումնական ծրագրերի գերբեռնվածությունն ու մեթոդները մեծ դեր ունեն։ Հիմնական խնդիրն իմ կարծիքով այն է, որ դպրոցը մեծ դժվարությամբ է ադապտանում ժամանակի փոփոխվող պահանջներին, միայն դասավանդողներին վերապատրաստելը մեծ արդյունքներ չի տալիս։ Համաձայն եմ, որ շեշտը պետք է դրվի այս 4 հմտությունների խմբի վրա․ գրագիտություն, բարոյագիտություն, գեղագիտություն և առողջություն։ Ինչ վերաբերում է յուրաքանչյուր առարկայի մեկ ժամյա դասավանդմանը, գոնե բնագիտամաթեմատիկական առարկաների պարագայում՝ համաձայն չեմ, քանի որ այս առարկաները և՛ տեսական, և՛ գործնական պարապմունքներ են պահանջում, իսկ մեկ դասաժամում, իրատեսական չէ սովորողներին մատուցել առարկան այնպես, որ մասնագիտական ընտրություն կատարելիս կարողանան ճիշտ կողմնորոշվել։ Եվ քանի որ սովորողների մի մասն ավելի շատ հետաքրքրված է լինում հումանիտար առարկաներով, կարծում եմ հոսքային ուսուցումը կլինի ամենաօպտիմալ տարբերակը, սկսած 7-րդ դասարանից։

Եվ մի շատ կարևոր միտք կառանձնացնեմ հոդվածից, որով, կարծում եմ պետք է առաջնորդվեն բոլոր մանկավարժները․ «Գիտությունների մասին պատմությունները պետք է այնպիսին լինեն, որ աշակերտն ինքը ցանկանա ավելին իմանալ, իր ազատ ժամանակի հաշվին»։ Այսպես կլուծվի նաև «տխրահռչակ» տնային հանձնարարությունների հարցը։

«Մուտք Կրթահամալիր» մանկավարժական ճամբար․ Օր 1

Օրը սկսեցինք մանկավարժական ընդհանուր պարապմունքով, Մարմարյա սրահում։ Ունեցանք մեկժամյա քննարկում նախագծային խմբերում, պատմեցինք այս ընթացքում մեր մասնագիտական զբաղվածության մասին։ Հետո քայլեցինք դեպի Հյուսիսային դպրոց-պարտեզ, Քնարիկ Ներսիսյանի ուղղորդմամբ կատարեցինք միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանքներ։ Հանդիպում ունեցանք Մարիետ Սիմոնյանի հետ, զրուցեցինք մանկավարժության թեմայով, անցկացրինք մասնագիտական հոդվածի ընթերցում-քննարկում, բլոգում տեղադրեցինք մեր վերլուծությունները հոդվածի շուրջ։ Հանդիպում ունեցանք նաև Լուսինե Փաշայանի հետ, քննարկեցինք Կրթահամալիրում աշխատանքի անցնելու կարգը, ստացանք մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Փոքրիկ ընդմիջումից հետո Սուսան Ամուջանյանի հետ հանդիպման ընթացքում ծանոթացանք նկարահանման մի շարք հմտությունների հետ և օրն ամփոփեցինք դրանով։

Վերլուծություն՝ Բորիս Բիմ-Բադի «Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում» հոդվածի վերաբերյալ

«Մուտք Կրթահամալիր» մանկավարժական ճամբարի առաջին օրը, Մարիետ Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում ուսումնասիրեցինք Բորիս Բիմ-Բադի «Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում» հոդվածը։ Հոդվածում Բիմ-Բադը անդրադարձել է նրան, թե ինչպիսին պետք է լինի կրթությունը դպրոցներում և ինչպես է այն մատուցվում փաստացի, ինչպես նաև ուսուցչի դերի լրջությանն ու կարևորությանը: Արտահայտած գաղափարների հետ մեծամասամբ համակարծիք եմ։ Շատ կարևոր մեջբերում էր արված փիլիսոփա, հրապարակախոս Է. Վ. Իլյենկովի գրվածքներից. «Պեդանտ դասավանդողը, որի ամբողջ գործունեությունը պատրաստի պատասխաններ, խնդրի լուծման պատրաստի սխեմաներ ներշնչելուն է հանգում, դրանով ոչ միայն իր աշակերտների միտքը չի զարգացնում, այլև դրդում է, որ այդ միտքը քնի, քայքայվի նաև այնտեղ, որտեղ դա գոյություն ունի իրենից անկախ։ Դրանով պեդանտը չմտածող մարդ է դաստիարակում և զբաղվում է պեդանտների նոր սերնդի ընդլայնված վերարտադրությամբ, այսինքն՝ այնպիսի մարդկանց վերարտադրությամբ, ովքեր գիտեն այն, ինչ իրեն ներշնչել են, բայց ի վիճակի չեն ինքնուրույն ինչ-որ բան սովորելու»։

Իմ կարծիքով, կրթությունն առանց գիտելիքի վերարտադրման ոչինչ չի կարող տալ մարդուն, ժամանակավոր հիշվող փաստերից բացի։ Հոդվածից կառանձնացնեի նաև այս միտքը. «Դեսից-դենից կցկտուր տեղեկությունները ո՛չ կյանքին են պատրաստում, ո՛չ աշխատանքին»։

Հոդվածն անշուշտ ստիպում է մանկավարժին վերանայել իր մոտեցումներն ու գիտակցել իր դերի լրջությունը, առավել պատասխանատվությամբ մոտենալ մասնագիտությանը:

Քառօրյա վերապատրաստում։ Օր 4

Չորրորդ օրը նախագծերի ներկայացման և վերապատրաստման վերջին, ամփոփիչ օրն էր։ Քննարկեցինք մեր հետագա քայլերը, կիսվեցինք կրթահամալիրում ստացած տպավորություններով և ստացանք մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Նախագծերի ներկայացմանը ներկա էին կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանն ու Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար՝ Նառա Նիկողոսյանը։ Շատ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկեցինք մեր նախագծերը, ներկայացանք նաև մենք, ստացանք կարևոր խորհուրդներ և ուղղորդումներ։ Այսպիսով ավարտեցինք քառօրյա վերապատրաստումը։ Հատուկ շնորհակալություն վերապատրաստող Անահիտ Հարությունյանին, ամեն բան սրտացավորեն և համբերատար կերպով ներկայացնելու և ուղղորդելու համար։

Քառօրյա վերապատրաստում։ Օր 3

Երրորդ օրը ծանոթացանք կրթահամալիրի նախագծային ուսուցմանը, նախագծերի կառուցվածքին, մշակման և իրականացման կարգին։ Ինչպես նաև քննարկեցինք և մշակեցինք մեր ուսումնական նախագծերը։ Այցելեցինք նաև ուսումնական ագարակ, որտեղ պահվում էին ձիեր, տարբեր թռչուններ և կենդանիներ, մի գեղեցիկ անկյունում կար թոնիր, որտեղ հաճախ սովորողներն իրականացնում են լավաշ թխելու ծես, ազգային երգերի ուղեկցությամբ։ Ագարակում մի քանի սովորողներ կատարում էին կամավորական աշխատանքներ, խնամում էին կենդանիներին և թռչուններին, իսկ վերապատրաստվողներս հնարավորություն ունեցանք ձիավարելու, ինչը հրաշալի էր։

Design a site like this with WordPress.com
Get started