Քառօրյա վերապատրաստում։ Օր 4

Չորրորդ օրը նախագծերի ներկայացման և վերապատրաստման վերջին, ամփոփիչ օրն էր։ Քննարկեցինք մեր հետագա քայլերը, կիսվեցինք կրթահամալիրում ստացած տպավորություններով և ստացանք մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Նախագծերի ներկայացմանը ներկա էին կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանն ու Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար՝ Նառա Նիկողոսյանը։ Շատ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկեցինք մեր նախագծերը, ներկայացանք նաև մենք, ստացանք կարևոր խորհուրդներ և ուղղորդումներ։ Այսպիսով ավարտեցինք քառօրյա վերապատրաստումը։ Հատուկ շնորհակալություն վերապատրաստող Անահիտ Հարությունյանին, ամեն բան սրտացավորեն և համբերատար կերպով ներկայացնելու և ուղղորդելու համար։

Քառօրյա վերապատրաստում։ Օր 3

Երրորդ օրը ծանոթացանք կրթահամալիրի նախագծային ուսուցմանը, նախագծերի կառուցվածքին, մշակման և իրականացման կարգին։ Ինչպես նաև քննարկեցինք և մշակեցինք մեր ուսումնական նախագծերը։ Այցելեցինք նաև ուսումնական ագարակ, որտեղ պահվում էին ձիեր, տարբեր թռչուններ և կենդանիներ, մի գեղեցիկ անկյունում կար թոնիր, որտեղ հաճախ սովորողներն իրականացնում են լավաշ թխելու ծես, ազգային երգերի ուղեկցությամբ։ Ագարակում մի քանի սովորողներ կատարում էին կամավորական աշխատանքներ, խնամում էին կենդանիներին և թռչուններին, իսկ վերապատրաստվողներս հնարավորություն ունեցանք ձիավարելու, ինչը հրաշալի էր։

Քառօրյա վերապատրաստում։ Օր 2

Երկրորդ օրը ծանոթացանք wordpress.com հարթակին, այնտեղ բացեցինք և ակտիվացրեցինք մեր բլոգները, խմբագրեցինք բլոգի արտաքին տեսքը, բացեցինք բաժիններ և արեցինք մեր առաջին հրապարակումները։ Անահիտը համբերատար կերպով, ամեն բան քայլ առ քայլ ներկայացնում էր։ Այցելեցինք նաև տեխնոպարկ, որտեղ ծանոթացանք սովորողների, դասավանդողների աշխատանքներին։

Քառօրյա վերապատրաստում։ Օր 1

Առաջին օրը ծանոթացանք կրթահամալիրի կառուցվածքին, առցանց հարթակներին, կրթական ծրագրերին, ինչպես նաև կրթահամալիրում աշխատելու քայլաշարին։ Վերապատրաստումն անցկացնում է Անահիտ Հարությունյանը։ Անահիտի ուղեկցությամբ ծանոթացանք Արևելյան դպրոց-պարտեզի ֆիզիկական միջավայրին, եղանք Քոլեջում, որտեղ սովորողներն ունեն հնարավորություն իրենց հոգեհարազատ մասնագիտությունն ուսումնասիրելու։ Բոլորիս շատ էր տպավորել խաղողի գինու դպրոցը, սովորողները իրենք պատմեցին գինու ստացման ողջ ընթացքի մասին։ Հիանալի է, որ այդ տարիքում սովորողներն արդեն այդչափ տիրապետում են գինեգործության գաղտնիքներին։ Եվ տպավորիչ էր, որ մառանում անդադար հնչում էին Կոմիտասի ստեղծագործությունները։ Այսպես տպավորված ամփոփեցինք մեր վերապատրաստման առաջին օրը։

Design a site like this with WordPress.com
Get started